Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/8/2022
share

Գյուղի կայունության ցուցիչը՝ դպրոցն է

«Եթե տան կայունության ցուցիչը ծխնելույզից ելնող ծուխն է, ապա գյուղի կայունության ցուցիչը՝ դպրոցն է։ Իսկ Մոտկորի դպրոցները մի քանի տարուց մեծ խնդրի առաջ են կանգնելու՝ աշակերտ չի լինելու, երիտասարդներ չեն մնացել գյուղերում, որ երեխա ունենան։ Բոլորը քաղաքամոլ են դարձել։ Ուզում են քաղաք տեղափոխվել, եթե նույնիսկ գյուղում ապահովված են և’ պետական աշխատանքով, և’ մեծ տնտեսություն ու բարձր եկամուտ ունեն։ Վաճառում են և տեղափոխվում։ Մեծ դժվարություններով հարմարվում են նոր միջավայրին՝ հանուն «երեխաների ապագայի», կարծես գյուղի երկնքից քար է ընկնում պայծառ ապագաների վրա։Ապագան տեղանքը չի որոշում, այլ անձը,-մտահոգություն է հայտնում Շամուտի հիմնական դպրոցի տնօրեն Հրանուշ Վանյանը։ Հավելում է՝ մենք գյուղը սիրելու, արմատները չթողնելու մասին ամենօրյա քննարկում ենք ունենում նաև երեխաների հետ, շատ դեպքերում ստացվում է։ Որոշ դեպքերում էլ համընդհանուր ալիքը երեխեքին էլ է իր հետ տանում՝ պատահեց դեպք, երբ աշակերտս ամաչել էր ասի, որ գյուղից է, սիրտս փլվեց։

Ես իհարկե փորձում եմ պարզել այս երևույթի պատճառները, հիմնականում նշում են աշխատատեղերի, ճանապարհների և երեխաների ապագայի հարցը։ Աշխատատեղի հարցը անհիմն է, երբևէ որևէ մեկին չի խանգարել իր պետական աշխատանքը, լքել գյուղը։ Նաև՝ անասնապահությունից ավելի եկամտաբեր աշխատանք դժվար գտնվի, ուղղակի մենք դրան վերաբերվում ենք որպես պարտականություն, ոչ թե աշխատանք։

Երեխաների՝ խմբակներ հաճախելու հարցը կլուծվի ճանապարհների բարեկարգմամբ՝ դեռ սպասում ենք։ Այլևս անհնար է այս ճանապարհով երթևեկելը։

Անձամբ ինձ, ոչ մի պատճառ չի ստիպի լքել գյուղս, տունս։

ԵՍ ԼՃԱՑԱԾ ՉԵմ, ԵՍ ՃԱՀՃԻ ՄԵՋ ՉԵՄ։ Բոլորին ցանկանում եմ նույն ներդաշնակությունը իր, իր աշխատանքի և իր բնակավայրի հետ։

Վերջապես ախր շատ դժվար ա անընդհատ բողոքելով, վատը տեսնելով, չսիրելով ապրելը, մի քիչ սիրեք և տեսեք ինչքան հեշտ եք ապրում։

Նաև՝ մեկընդմիշտ հիշեք, հարգելի’ համագյուղացիներ, գյուղի դպրոցը մի տարի յոլա տանելու համար չէ, սովորական հանրակրթական դպրոց է։Մի փչացրեք ձեր երեխաների հոգին, նման ցածր մտքերով։ Այսօր դպրոցը չի լավը, վաղը երկիրը չի դուրը գա, մյուս օրն էլ կարող ա ծնողից հրաժարվի՝ դե լավը չի։

Սթափվե’ք, մենք գյուղ ենք կորցնում, սերունդ ենք կորցնում, հետո էլ զարմանում ենք, թե երկիր ենք կորցնում։

Ի’մ Թումանյան, ի’մ Մոտկոր, ի’մ Շամուտ, դուք կյանք եք»։

4

facebook sharing button facebook